Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, Ճապոնիայում կայացած «ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայում նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան Տոկիոյում անցկացվել է հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով, մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:
Արծաթե մեդալի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սաներ Արեգ Բարսեղյանը, Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը։
Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանը և Հրանտ Թոփչյանը։ Նշվում է, որ օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով։
Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 52-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացած «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները նվաճել էին 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, իսկ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտները նվաճել էին 7 մեդալ՝ 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե։