Հայաստանի ժուռնալիստների միությունը Շուշիի «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» մեդիա ֆորումի մասնակիցներին կոչ է արել օգտագործել այս հարթակն աշխարհին ցույց տալու Արցախի աղետը և պահանջել անհապաղ վերացնել Արցախի շրջափակումը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցներին հեռու է պահում տարածաշրջանից, և դուք չգիտեք, թե իրականում ինչ է կատարվում այստեղ: Միգուցե տեղեկացված լինելով՝ դուք իսկապես հավատարիմ մնաք ձեր առաքելությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Միությունը նախկինում նման կոչով դիմել էր արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ փրկել արցախահայությանն էթնիկ զտումներից, սակայն նրանց կողմից արձագանք չէր ստացել։ Այդ կապակցությամբ հայ լրագրողները ֆորումի մասնակիցներին հորդորել էին հարցեր տալ ոչ միայն մամուլի, այլև Բաքվում մահապատժի դատապարտված քաղաքացիների, երեխաների ու ծերերի մասին։
Համաժողովը մեկնարկում է այսօր Շուշիում՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալության հովանու ներքո։ Այն անցկացվում է «Հեյդար Ալիևի տարվա» միջոցառումների շրջանակներում և ի պատիվ Ադրբեջանի ազգային մամուլի 148-ամյակի։ Մասնակցում են 150 օտարերկրյա հյուրեր 49 երկրներից, այդ թվում՝ 34 երկրների պետական կառույցներ, 12 միջազգային կազմակերպություններ և լրատվական կառույցներ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։