Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որտեղ, հանդես գալով ելույթով, անդրադարձել է սպարապետ Վազգեն Սարգսյանի գործունեությանը, սպանությանը, տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։
«Թույլ տվեք ասել՝ երկրապահությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին ձևավորեց որպես մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր: Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը: Մենք նրան հիմա գիտենք որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի հիմնադիր, որպես Երկրապահ կամավորականների միության հիմնադիր: Թերևս վստահ չեմ, որ ներկաներից բոլորը գիտեն, բայց Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել՝ Խորհրդային բանակում: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ: Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝ հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին, դա է մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչը: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր»,-ասել է Փաշինյանը։
Շարունակելով՝ Փաշինյանը հավելել է․ «Ինչի՞ համար է պայքարել Վազգեն Սարգսյանը, պիտի ասեմ նաև իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը: Իմ համոզմունքն է, որ Վազգեն Սարգսյանը պայքարել է պետության և պետականության համար: Սա շատ կարևոր արձանագրում է: Վազգեն Սարգսյանը զորավար Անդրանիկի աճյունը բերելով Հայաստանի Հանրապետություն, պետական արարողակարգով նրա հուղարկավորությունը կազմակերպելով անկախության հիմքում ընկած, անկախության համար կյանքը տված նահատակների պանթեոնում՝ այդ հաշտությունն էր ուզում, այդ հաշտությունն էր փնտրում, ավելի ճիշտ կլինի ասել՝ ներդաշնակությունը: Դա էլ եկեք հասկանանք՝ մոտավորապես 3 մլն մարդ քվեարկել էր անկախության օգտին, բայց Վազգեն Սարգսյանն ստիպված էր փնտրել 500 մահապարտ: Եկեք այս հարաբերակցությունը հասկանանք: 3 մլն «այո» քվեարկած մարդ և 500 մահապարտի անհրաժեշտություն: Եվ սա էլ պետք է հասկանանք»։
Նա ընդգծել է, որ հաճախ է քննարկումներում ասում, որ պետությունը հիմնվում է հանուն այդ պետության սեփական կյանքը տալու պատրաստակամության վրա։ Փաշինյանը շեշտել է, որ «պետությունը մի տեղ չէ, որտեղ մարդիկ պետք է մահանան, պետությունը մի տեղ է, որտեղ մարդիկ պետք է ապրեն, իսկ անկախությունը նրա համար չէ, որ մարդն անընդհատ մահանա այդ անկախության համար»։ Ըստ Փաշինյանի՝ «անկախությունը նրա համար է, որ մարդն ապրի, լինի անկախ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, լինի բարեկեցիկ»։
«Ինձ պատիվ է ընձեռվել աշխատել և մտածել այն աշխատասենյակում, ուր սպանվելուց մի քանի ժամ առաջ նստած աշխատելիս է եղել Վազգեն Սարգսյանը։ Եվ ես հիմա պիտի մի բան ասեմ, որ շատ եմ մտածել, ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել։ Իհարկե, Սասուն Միքայելյանը խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հոկտեմբերի 27-ի սպանությունը, ահաբեկչությունը բացահայտելու մասին։ Դա իրավապահների գործն է, և համոզված եմ, որ ամեն հնարավորը կարվի դրա համար։ Բայց թույլ տվեք ձեզ հետ կիսել իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը։ Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ։ Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները։ Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է, և եթե Հայրենիքը Պետություն չէ, ցանկացած ուրիշ Պետություն կարող է դառնալ Հայրենիք»,-ասել է նա։
Իր ելույթի վերջում նա նշել է, որ 21-րդ դարում հայրենասիրությունը կթուլանա առանց գիտելիքի, էմոցիան ինքն իր դեմ կշրջվի առանց գիտելիքի։
«Մենք պետք է կարողանանք այս ճանապարհը շարունակել և այդ ճանապարհին հիշել այս ուղերձը, որն Անկախության մասին է, որն ինքնիշխանության մասին է, որը Պետության մասին է։ Եվ մենք Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է»,-եզրափակել է Փաշինյանը։