Այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն, վստահ եմ՝ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով մայիսի 3-ից սկսած ստորագրահավաքի արդյունքները։
«Կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք, և սա նշանակում է, որ այսքան մարդ ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով»,- նշել է նա։
Թովմասյանի խոսքով՝ այս տարի ես իրականացրել է հետաքրքիր ակցիա՝ փորձելով հասկանալ, թե այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ են ընկալելի և ընդունելի հայ հասարակության համար։
«Պետք է արձանագրեմ, որ մայիսի 3-ին մեկնարկած և մոտավորապես մինչև հուլիսը 20-ը շարունակված ստորագրահավաքի ընթացքում ժամանակ ունեցանք փոքրիկ թեստ անելու և արձանագրելու, որ հայ ժողովուրդն ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ես դա կապացուցեմ թվերով, քանի որ իմ ակցիան կարճաժամկետ էր և եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ», – հայտարարել է նա։
Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ դատարան է դիմել՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով:
«Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- նշել է պատգամավորը:
Հուլիսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Թովմասյանը զրկվել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ղեկավարի լիազորություններից։ «Կողմ» էր քվեարկել 62, «դեմ»՝ մեկ պատգամավոր։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել էին ԱԺ-ում քննարկումն ու քվեարկությունը։
Հուլիսի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով Թովմասյանին ազատել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնից։ Պատգամավորները Սիմոնյանին ուղղված իրենց դիմումը բացատրել էին նրանով, որ Թովմասյանը մասնակցել է ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն ութին։
Ավելի ուշ Թովմասյանը հրաժարվել էր մասնակցել ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու է իր պաշտոնանկության հարցը։ Նա պատասխանել էր նաև «Քաղաքացիական պայմանագրի» մեղադրանքին, թե ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն ութին է մասնակցել։ Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, իսկ ինքը լինելով խմբակցության անդամ՝ բոյկոտել է ԱԺ խորհրդի նիստերը: «Այդ նիստերում ևս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, և որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաև հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք»,- պարզաբանել էր պատգամավորը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների բողոքն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է նշանակի հանձնաժողով, որը կքննարկի այն։ Երկու շաբաթ է տրվում քննարկման համար։ Թովմասյանին հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերը մամուլում շրջանառվել են մայիսին։ Թովմասյանը Մարդու իրավունքների հանձնաժողովը ղեկավարել է 2021 թվականի օգոստոսին։
Մանրամասները՝ տեսանյութում։