Հուլիսի 26-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևանում բնակվող երեք անձինք երկաթ կտրող գործիքով ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են փախցնել Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի խցերից մեկում պահվող կալանավորին, ինչը, սակայն, չի հաջողվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի ոստիկանը, իր հերթապահության ընթացքում շրջայց կատարելու ժամանակ տվյալ խցի դիտանցքից նայելով նկատել է, որ խցում պահվող կալանավորը տարօրինակ անհանգիստ վարքագիծ է դրսևորում և ներս է մտել խուց՝ պատճառը հասկանալու համար։ Կալանավորի հետ զրույցի ժամանակ խցի պատուհանը բացվել է դեպի դուրս և դրսի կողմից լսվել է կալանավորի անվան վանկարկման բացականչություն։ Հերթապահ ոստիկանն անմիջապես դուրս է եկել խցից, փակել է դուռը բանալիով և ահազանգել կատարվածի մասին»,- մանրամասնում է կոմիտեն։
Նշվում է, որ տարածքը ստուգման ենթարկելու ժամանակ հայտնաբերվել է սավանի մեջ փաթեթավորված, երկաթե արգելքներ կտրելու համար նախատեսված հատուկ գործիքը։ Նշված հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով նույն օրը՝ ժամը 01:30-ին, Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից նշված անձինք հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 22 սմ ընդհանուր երկարությամբ, 12 սմ բռնակով և 10 սմ երկարությամբ շեղբով, սև գույնի, գաղտնի փականով դանակ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված երեք անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացվել, հայտնում է գերատեսչությունը։