«Ջրաշխարհ» ժամանցի կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է ձայնագրություն համացանցում աղմուկ բարձրացրած կնոջ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի՝ Հայկի տատիկի մասնակցությամբ, ինչպես նաև՝ ներկայացվել պարզաբանում միջադեպի հետ կապված։
«Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի 6-ին՝ ժամանց անցկացնելու նպատակով, «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր է այցելել 24 հոգանոց խումբ, որոնցից 8-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ էին: Խմբի ղեկավար ներկայացած Արմենի հետ ջրային գոտում իրականացվել է շրջայց՝ ներկայացվելով տարածքի հնարավորությունները: Վերջինս վերլուծելով իրավիճակը, տեսնելով մարդաշատ ջրային լողավազանները և սեփական պատասխանատվության չափը գիտակցելով՝ որոշել է հետևել «Ակվատեկ» համալիրի աշխատակիցների առաջարկին և խմբի հանգիստը կազմակերպել նույն ընկերությանը պատկանող «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոնում, որն ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերոնշյալը հաստատվել է «Ակվատեկ»-ի պատասխանատուի հետ ունեցած հեռախոսազրույցում, իսկ «Ջրաշխարհ»-ում հաշմանդամություն ունեցող 8 երեխաներին առաջարկվել է անվճար մուտք, ինչը գոհունակությամբ է ընդունվել խմբի ղեկավարի կողմից։
«Մեզ համար անհայտ պատճառներով՝ խումբն ի վերջո մուտք չի գործել «Ջրաշխարհ»։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ջրաշխարհ» է այցելել Ֆեյսբուքյան հայտարարության հեղինակ, հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի տատիկ Հասմիկ Սողոմոնյանը՝ իրավիճակը պարզաբանելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչընդոտելուն, ասելով, որ հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունները խիստ կարևոր են։