Armenia Today-ը հարցում է անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը Երևանում Սնուփ Դոգի համերգի անցկացման համար 6 մլն դոլար հատկացնելու կառավարության որոշման վերաբերյալ:
Օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար:
Հարցվածների մեծ մասը դժգոհ է կառավարության որոշումից։ Հարցման մասնակիցներից մեկը նշել է, որ ճիշտ չէ այդքան գումար հատկացնել համերգի համար, քանի որ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։
Մի երիտասարդ տղա էլ դրական է արտահայտվել և հայտարարել, որ գնալու է համերգին:
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ ժողովուրդն այդ որոշումը չի հասկանա և չի ընդունի։
«Այդքան կարևոր մա՞րդ է այդ ռեփերը։ Կարծում եմ՝ ժողովուրդը դա չի հասկանա և չի ընդունի։ Չափազանց տգեղ երևույթ է, ուրեմն՝ մենք այս կառավարությանն արժանի ազգ ենք»,- ընդգծել է նա:
Հարցվածներից մեկը ևս տարակուսանք է հայտնել կառավարության որոշման կապակցությամբ։
«Ինչպե՞ս կարելի է։ Կառավարությունը պետք է մտածի ժողովրդի մասին։ Արցախը շրջափակման մեջ է։ Մենք լավ երգիչներ ունենք։ Ինչո՞ւ պետք է լսենք ուրիշի համերգը: Շատ ափսոս է այդ գումարը»,- նշել է նա
Մի երիտասարդ աղջիկ դժգոհել է իշխանությունների որոշումից և հայտարարել, որ այդ համերգին չի գնա։
Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ դրական կարծիք ունի ռեփերին հրավիրելու կառավարության որոշման մասին։
«Հավանաբար, նա շատ լավ կատարող է, քանի որ այդքան շատ երկրպագուներ ունի»,- նշել է նա։
Մեկ այլ քաղաքացի էլ կառավարության որոշումն անվանել է «ճոխություն» Հայաստանի համար։
«Այն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը, դա միանշանակ ճոխություն է՝ բացասական իմաստով։ Գումարը խնդիր չէ, բայց համերգին սկզբունքորեն չեմ գնա՝ ցույց տալու, որ դա անիմաստ է։ Կան ավելի մեծ ու կարևոր խնդիրներ, որոնք կարելի էր լուծել այդ գումարով»,- եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։