Օգոստոսի 19-ի վաղ առավոտից Հայաստանի հարավային մայրաքաղաք Կապանում մեկնարկել են տոնական միջոցառումներ՝ նվիրված քաղաքի օրվան, հայտնում է Կապանի համայնքապետարանը։
Միջոցառումները մեկնարկել են խորհրդանշական տորթով, որը համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները բաժանել են Կապանի տարբեր թաղամասերի բնակիչներին։
Այնուհետև «Կապան, քեզանում են մեր բոլոր ակունքները» կարգախոսով՝ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մանկավարժ Լևոն Մարգարյանը։ Ներկայացվել է նաև Ստեփանակերտի քաղաքապետի շնորհավորական ուղերձը։
Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Չարենցի փողոցում լուսանկարների ցուցադրություն է տեղի ունեցել, իսկ հանդիսավոր նիստի ավարտից հետո ներկաները ծանոթացել են Կապանի ստեղծման ակունքներում կանգնած գերդաստանների պատմությանը։
Թումանյան փողոցում հանդիսավորությամբ տեղի է ունեցել «Սյունիք» հարթաքանդակի բացման արարողությունը։ Մարզի հինգ քաղաքային և երկու գյուղական համայնքները ամբողջացնող հարթաքանդակի հեղինակը Անդրեաս Օհանջանյանն է, իսկ քանդակագործը՝ Գագիկ Ալեքսանյանը։ Մշակութային նախագծի իրականացմանը օժանդակել են Կապան համայնքի ղեկավարին կից ճարտարապետության, քաղաքաշինության և մշակույթի խորհրդակցական մարմնի անդամները՝ Գրիշա Սմբատյանը, Ստեփան Դավթյանը, Ռուբեն Կոստանդյանը, Վիգեն Ծատրյանը, Արմեն Գեւորգյանը։
Դասական երաժշտության սիրահարները Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում ունկնդրել են Հայաստանի կամերային նվագախմբի ելույթները։
Քաղաքի օրը կապանցի պատանիները՝ մարզական միջոցառումների ժամանակ, իրենց ուժերն են չափել կրոսավազք, հեծանվավազք մրցաձևերում, իսկ ամենափոքրերը՝ ինքնագլորներով դուրս են եկել մրցասպարեզ, ավագույնները պագևատրվել են մեդալներով։
Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք` շնորհաշատ կապանցիներին հնարավորություն տալով իրենց արտադրանքը ներկայացնել հանրությանը։
Կապանի օրը հագեցած է եղել նաև տարաբնույթ ժամանցային համարներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները թիրախավորել է Կապանի օդանավակայանը Արայիկ Հարությունյանի և Արմեն Գրիգորյանի թռիչքի ժամանակ։