Սյունիքի մարզպետարանը հայտարարել է Երևանից Կապան իրականացրած առաջին չվերթի մասին:
«Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան»,- հայտնել են մարզպետրանից:
Նշվում է նաև, որ Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են եղել նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մարզպետարանը ներկայացրել էր Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքի օրերը, տոմսերի գները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան։ Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևան-Կապան կանոնավոր չվերթների մեկնարկի մասին:
Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր Կապանի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին, ինչի հետևանքով վնասվել են օդանավակայանի շենքի պատուհանն ու տանիքը։ Ավելի ուշ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հաստատել էր, որ Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները պատահական չեն եղել՝ նշելով, որ օդանավակայանը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին, և օդանավակայանից վայրէջք կատարելիս և օդ բարձրանալիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։ Ի պատասխան Բաքվի հայտարարությանը՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ թռիչքներն իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքում։