Հայ դպրոցականները 2 մեդալ են նվաճել օգոստոսի 10-20-ը Լեհաստանի Սիլեսիա քաղաքում տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
«Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ Հարությունյանը: Արեգ Բարսեղյանը և Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի»,- հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ Հայաստանի թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը։
Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ օլիմպիադային մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ: Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։
Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում արժանացել էր 3 բրոնզե մեդալի։