Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Armenia Today-ը երևանցիներից հետաքրքվել է, թե որոնք են Երևանի ամենալուրջ խնդիրները, որ, առաջին հերթին, պետք է լուծի ապագա քաղաքապետը։
Օգոստոսի 23-ին Երևանում քարոզարշավ է սկսվել ավագանու ընտրություններին ընդառաջ, որն այնուհետ կընտրի մայրաքաղաքի քաղաքապետին։ Նախընտրական մրցավազքը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։
Հարցմանը, որն անցկացվել է օգոստոսի 10-ից 17-ը, մասնակցել է 25 մարդ․ 10-ը քաղաքացի դժգոհել է աղբահանությունից, 9-ը՝ տրանսպորտից։ Հարցվածների մյուս մասը մատնանշել է այնպիսի առաջնահերթ խնդիրների լուծման անհրաժեշտություն, ինչպիսիք են փողոցային առևտրի հետևանքով հակասանիտարական պայմանները, քաղաքաբնակներին խանգարող շինարարությունը, խցանումները, կանոնավոր ջրամատակարարման բացակայությունը:
Աղբահանություն
Հարցված քաղաքացիների մեծամասնությունը դժգոհել է քաղաքի մաքրությունից․ «Աղբահանությունից շատ դժգոհ ենք՝ հատկապես վերջին շրջանում։ Մենք կենտրոնում ենք ապրում, շատ անմխիթար վիճակ է։ Մինչ այդ բավականին լավ վիճակում էր»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու համար նույնպես մաքրության խնդիրն առաջնային է․ «Առաջին հերթին՝ մաքրության խնդիրն է, փողոցները պետք է մաքուր լինեն։ Պետք է կարգավորեն նաև անցումների հարցը, բայց մաքրությունն առաջին հերթին է, ամեն ինչ գալիս է մաքրությունից»։
Տրանսպորտ
Կարևոր խնդիրներից, որ պետք է լուծի ապագա քաղաքապետը, ըստ մեր հարցված քաղաքացիների՝ տրանսպորտի խնդիրն է։ «Մեր կոլեգաներից շատերը դժգոհում են, որ փոփոխություններ են արվել, որ լավ լինի, սակայն, փաստորեն, դժգոհ են, ըստ իրենց՝ շատ է փոխվել դեպի վատը, ես Կենտրոնում եմ, այդ խնդիրը չեմ նկատել, բայց կոլեգաներս դժգոհ են»։
Մեկ այլ զրուցակից դժգոհել է երեկոյան տրանսպորտի բացակայությունից. «Մենք աշխատում ենք երեկոյան, երեկոյան ժամը 12։00-ից տրանսպորտ չկա, խնդրում ենք ապագա քաղաքապետին ուշադրություն դարձնել այս հարցին»։
«Վերջին շրջանում Երևանում մեքենաները շատ են»,- ասում է Լոս Անջելեսից իր հայրենի քաղաք եկած հարցվողը։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է բեռնաթափել քաղաքի կենտրոնը երթևեկության հոսքից, այդ նպատակով առաջարկել է նոր գծեր կառուցել։
Տրանսպորտի հետ կապված այլ դժգոհություններ ևս հնչել են։
«Ես, առաջին հերթին, երթևեկության կանոնները կպահպանեի, որպեսզի կանոնավոր երթևեկեին»,- նշել է քաղաքացիներից մեկը։ Մյուսների կարծիքով էլ՝ մեքենաները շատ են, ինչից էլ առաջանում են խցանումներ։
Շինարարություն
Հարցված քաղաքացիների մի որոշ մասն էլ դժգոհ է քաղաքի կենտրոնի շինարարությունից։ «Կենտրոնի շինարարությունը մարդկանց խանգարում է, ճանապարհներն են նեղանում, երթևեկությունը դժվարանում է»,- նշել է քաղաքացիներից մեկը։
«Քաղաքում շինարարությունը շատ է, պետք է կանաչը շատ լինի»,- նկատել է մեկ այլ քաղաքացի։
Փողոցային առևտուր, կանաչապատում, շենքերի բարեկարգում և ջրամատակարարման խնդիր
Քաղաքացիներն առանցնացրել են նաև այլ խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, փողոցային առևտուրը, կանաչապատումը, շենքերի բարեկարգում, ջրի խնդիր։
«Փողոցային առևտուրը պետք է կարգավորվի, հակասանիտարական վիճակ, է փողոցում դրված ծախում են, դա նորմալ չէ»,- մեզ հետ զրույցում նշել է քաղաքացիներից մեկը։
Տարեց տղամարդ դժգոհել է քաղաքում կանաչ տարածքների բացակայությունից. «Տրանսպորտը շատ է, շենքերը շատ են, բայց քաղաքում ծառերն ու կանաչը քիչ են։ Սրա պատճառով մարդիկ շնչահեղձ են լինում, թթվածնի պակաս կա»,- բացատրել է նա։
Մեկ այլ երևանցի էլ մատնանշել է տանիքների խնդիր։ «Լավ կլիներ, որ տների տանիքները վերանորոգվեին, սա նույնպես լուրջ խնդիր է»։ Նա նաև նշել է ջրամատակարարման խնդիրը, որը, նրա կարծիքով, պետք է բարելավվի։
Եվս մեկ քաղաքացի նշել է, որ վստահում է ներկայիս քաղաքային իշխանություններին, կարծում է, որ նրանք շատ խնդիրներ լուծելու ներուժ ունեն։ «Նրանք շատ բան արեցին քաղաքի համար»,- ավելացրել է նա:
Հարցվածներից երեքը կարծում են, որ Երևանում խնդիրներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։