Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր, 19 տարեկան, բանակ էր զորակոչվել ձմռանը, գրում է News.am-ը։
«Գյուղի հասարակ, խելոք ընտանիք է։ Տան միակ որդին էր, երկու մեծ քույրեր ուներ, ամուսնացած են։ Հայրը մի ժամանակ մարզպետարանում էր աշխատում, հիմա՝ չգիտեմ, մայրն էլ չի աշխատում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Նորատուսի նախկին համայնքապետ Մուրադ Հարությունյանը։
Նշվում է, որ Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան։
Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։