Ադրբեջանցիների կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգման առնչությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել։
«Տեղեկանալով կատարվածի մասին՝ առանց հապաղելու որոշեցինք հավաքվել այստեղ (ՌԴ դեսպանատան մոտ), քանի որ երիտասարդները (առևանգված արցախցիները) տեղափոխվում էին հենց ռուսական խաղաղապահ զորակազմի հսկողությամբ, ուստի մտածել ենք, որ առաջին և հիմնական պատասխանատուները հենց ռուսական զորակազմն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ ցուցարարներն ակնկալում են, որ Ռուսաստանի Դաշնությունը, որը եռակողմ համաձայնագրի ստորագրող կողմերից մեկն է, պետք է տեր կանգնի իր պարտավորություններին՝ այն է Լաչինի/Բերձորի միջանցքով անվտանգ երկկողմանի երթևեկության ապահովմանը։
«Ներկայացուցիչ դուրս գա (ՌԴ դեսպանատան), իրավիճակ ներկայացնի, հասկանանք՝ ինչ են անում՝ դիվանագիտական ճանապարհո՞վ, թե՞ ռազմական ճանապարհով։ Իրենց պատասխանատվությունն է, իրենք են ուղեկցել, տվյալ դեպքում Կարմիր խաչը չի ուղեկցել»,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից։
Ավելի ուշ ցուցարարները հայտնել են, որ դեսպանատան ներկայացուցիչները կապ են հաստատել իրենց հետ և առաջարկել գրավոր դիմել դիվանագիտական ներկայացուցչություն, ինչը ցուցարարները մերժել են։ Ակցիայի ընթացքում ցուցարարները երկու անգամ փակել են դեսպանատան հարակից փողոցը, ինչպես նաև նստացույց են արել դեսպանատան մուտքի դիմաց։ Այնուհետև նրանք երթով շարժվել են Երևանի կենտրոնական փողոցներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր առևանգված արցախցիներին 10 օր վարչական կալանքի ենթարկելու մասին։