ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ծնողներին փոխանցել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպում ունենալ նրանց հետ, Armenia Today-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողների ՊՆ շենք մտնելն ու նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում պահանջելը։
«Ծնողները հանդիպել են ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է ԲՀԱ (Բարոյահոգեբանական ապահովում) վարչության պետի հետ հանդիպումը։ Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպումներ ունենալ ծնողների հետ»,- ասել է Թորոսյանը։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելուն, գերեվարվելուն և անհետ կորչելուն։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը, որը պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, 2021թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ էր հայտնվել, օգնության չէր շտապել։
Գեներալը նահանջի հրաման էր տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետևանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել էր հակառակորդի շրջափակման մեջ, որից կարողացել էին դուրս գալ միայն 22 զինծառայող, 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ էին դարձել, իսկ մյուսները՝ գերեվարվել։