Երևանի քաղաքապետի թեկնածուները դադարեցրել են նախընտրական քարոզարշավը՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գնդակոծության լարված իրավիճակով պայմանավորված։
«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյան և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը հայտարարել են քարոզարշավը դադարեցնելու մասին։ Ավելի ուշ քարոզարշավը դադարեցնելու մասին է հայտարարել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու թեկնածու Իզաբելլա Աբգարյանը գրել է, որ այսօր քարոզարշավ չեն իրականացնելու։
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար»,-իր Facebook-յան էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չի իրականացնելու։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նախատեսված քարոզարշավը չի իրականացնելու»,-հավելել են ՔՊ-ի նախընտրական շտաբից։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով երկու զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։