Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որտեղ հայ դպրոցականները նվաճել են 3 բրոնզե մեդալ, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաև Քվանտ վարժարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և Քվանտ վարժարանի (Համլետ Պետրոսյան, 12-րդ դասարան և Գագիկ Գևորգյան, 10-րդ դասարան) աշակերտները։ Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ-ից Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Օլիմպիադային մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ յուրաքանչյուրում 3-ական առաջադրանք։
Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի 34-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Ինդոնեզիայում, արժանացել էր 2 բրոնզե մեդալների։