«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբաթյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ իրեն ոստիկանություն են տանում։
«Ծիծեռնակաբերդում այգում նստելու համար ինձ տանում են ոստիկանություն»,- գրել է նա՝ տեղեկացնելով, որ ոչ մի օրինական պահանջ, ոչ մի հիմնավորում իրեն չեն ներկայացրել։
Armenia Today-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՆԳՆ ոստիկանությունից։ Մեզ հայտնեցին, որ ավելի ուշ կպարզաբանեն, թե ինչու են Կուբաթյանին ոստիկանություն տարել։
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն է։
Օգոստոսի 8-ին Հայկ Մարությանը հայտարարել էր, որ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Նա «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու է։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: