Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Ազարյանի ներդրած ավանդն անգնահատելի է:
«Խոր կսկիծով ընդունեցի հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան լուրը: Ազարյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլ նաև սպորտի համաշխարհային մակարդակում։ Նվաճումներ, որոնք բացառիկ են մարմնամարզության պատմության մեջ, այդ թվում՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը, որը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Ալբերտ Ազարյանը հայկական սպորտի փառքն ու հպարտությունը կազմող անհատներից էր, որի նվաճումներն ու մարմնամարզության զարգացման գործում ներդրած ավանդն անգնահատելի է:
«Իմ ցավակցություններն եմ հայտնում պարոն Ազարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, հայկական սպորտի բոլոր ներկայացուցիչներին անվանի մարզիկի մահվան կապակցությամբ:
Հավերժ փառք Ձեզ, սիրելի լեգենդ»,-ասված է ուղերձում:
Օգոստոսի 5-ին հայտնել էինք, որ կյանքի 94-րդ տարում մահացել է բոլոր ժամանակների մեծագույն հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը։