Armenia Today-ի նկարահանող խումբը սեպտեմբերի 2-ին և 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Սոթք և Վարդենիս սահմանամերձ համայնքներում՝ սեպտեմբերի 1-ին սահմանին իրավիճակի սրումից հետո: Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հայկական կողմը հայտնել է երկու վիրավորի և երեք զոհված զինծառայողի մասին:
Սոթքում կանանց և երեխաներին տարհանել են, մնացել են միայն տղամարդիկ։ Բնակիչները, սակայն, հրաժարվել են խոսել տեսախցիկի առջև, միայն պատմել են, որ կրակոցների ձայներ լսում են պարբերաբար։
Armenia Today-ի թղթակիցը զրուցել է Վարդենիսի բնակիչների հետ։ Նրանք առանձնացրել են մի շարք խնդիրներ՝ կարևորելով հատկապես պաշտպանական համակարգի բարելավման հարցերը։ Բնակիչները նշել են, որ կրակոցներն իրենց համար արդեն սովորական են դարձել։
«Վախը սրտներումս ենք քնում ու արթնանում, ապրում ենք նոր պատերազմի սպասումով»,- նշել են բնակիչներից շատերը։
Նրանք մատնանշել են նաև սոցիալական խնդիրները։
«Ժողովրդի ձեռքին գումար չկա, սահմանամերձ գոտի է ու չգիտենք՝ ինչ է կատարվում մեզ հետ։ Որ երկիրն անտեր է ու անկառավարելի՝ ի՞նչ պետք է լինի»,-ասել է Վարդենիսի բնակիչներից մեկը։
Սեպտեմբերի 1-ին Armenia Today-ը նաև կապ էր հաստատել այլ սահմանամերձ համայնքների հետ, որպեսզի տեղեկանար իրավիճակի մասին: Սեպտեմբերի 1-ին Սյունիքի Տեղ ու Գեղարքունիքի Կութ համայնքներից Armenia Today-ին հայտնել էին, որ իրավիճակը հանգիստ է։ Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը նշել էր, որ յուրաքանչյուր օր կրակոցների ձայներ են լսվում, բայց դրանք սեպտեմբերի 1-ին սովորականից ավելին են եղել։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով երկու զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը՝ երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժն սկսել է հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։
Մանրամասները՝ տեսանյութում։