Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան։
Ալբերտ Հովհաննիսյանի կյանքը
Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։ 2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։
Ալբերտ Հովհաննիսյանի պարգևները
Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հրետանավորի օրը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման։
Գիրք՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին
Զոզ Հովսեփյանը գիրք է գրել «Ալբերտը հրետանու աստված» վերնագրով, որը պատմում է պատերազմում անմահացած քաջորդի Ալբերտ Հովհաննիսյանի մասին։ Վեպի մյուս հերոսները նույնպես իրական են՝ Ժորը, Ռաֆոն, Ալիկը, հայր սուրբը, հրամանատարն ու իր սիրելին։ Գործողությունները ծավալվում են սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած։ Այնուհետև հիշողությունների ձևով անդրադարձ է կատարվում Ալբերտի կյանքի ուշագրավ փաստերին, որոնց միջոցով ընթերցողը որոշ չափով բացահայտում է երեխա, պատանի, զավակ, զինվոր և Աստծուն հավատացող Ալբերտին։
Կարծիքներ Ալբերտ Հովհաննիսյանի մասին
«Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ։ Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն Արցախյան այս պատերազմում։ Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը և, իմ հրամանագրով, Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով»,- գրել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ալբերտ Հովհաննիսյանն իր կյանքը զոհեց՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է ու մեր սրտերում կմնա ընդմիշտ։ Թող նրա ու մյուս ընկած զինվորների զոհվելը հանգեցնի Արցախի ու Հայաստանի հաղթանակին»»,- գրել է ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը։
«Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ։ Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը։ Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ Ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց … այլ բան էր կանխորոշված։ Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր։ Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ։ Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ… Փա՛ռք մեր հերոսներին»,- գրել է հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է հայ-ադրբեջանական պատերազմում՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։