Ոստիկանին հարվածելու և համակարգչային ակումբի գույքը վնասելու համար ձերբակալվել է ակցիայի մասնակից, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, սեպտեմբերի 22-ին քաղաքացուց ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատվածում մի քանի անձինք խանութների տեսախցիկների լույսերը վնասելով գնում են։
Նշվում է, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները: Նկատելով նրանց՝ թվով 5 անձինք դիմել են փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը շրջվել և մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին։ Փախուստի դիմող անձանցից մեկը նույնպես մոտեցել և կրկին հարվածել է ոստիկանության ծառայողին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի: Ոստիկանին հաջողվել է բռնել նրանցից մեկին, ով տեղափոխվել է ոստիկանություն։
«Պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տվել խոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային հավաքին և, 5 անձանց հետ գնալով Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատված, ձեռքով պոկել է այնտեղ գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված թվով 2 տեսանկարահանող սարքի օբյեկտիվների էլեկտրական սնուցման լարերը»,- հայտնում է ՔԿ-ն:
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։
Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։ Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ, բերման էր ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ինչպես նաև տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։
Կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին։
Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրավիճակն էապես տարբերվում է «Փրկության» ու «Դիմադրության» շարժումների ժամանակ առկա իրավիճակից։ «Առաջին դեպքում մարդկանց մեծ մասը շփոթված էր և կողմնորոշված չէր։ Երկրորդ դեպքում՝ Փաշինյանը հանրության մեջ որոշակի կշիռ ուներ։ Այժմ ես չեմ ասի, որ ժողովրդի մեծ մասը մեր կողմն է, բայց ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլի դեմ է։ Այս անգամ նա չի կարող խուսափել պարտությունից»,- ասել էր նա։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ի բողոքի գործողությունների ընթացքում՝ վարչական իրավախախտումներ իրականացնելու համար, ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 98 անձ։