Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի, տեղեկացնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից։
Տեղեկացնում են, որ պատճառը երեկ տեղի ունեցած տեխնիկական խափանումն է, որի հետևանքով վագոնների մեկի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Նշվում է, որ թեպետ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել և երեկ՝ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր, բայց այժմ այլ որոշում է կայացվել։
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 23-ին տեղեկացրել էր, որ ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում։ Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել էր մի գծանի-երկկողմանի երթևեկության։ Սեպտեմբերի 23-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ, Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։