Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավիղի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արել չլքել բնակավայրերը, տեղեկանում ենք դեսպանության Facebook-յան էջից։
«Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավիղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ: Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով»,-հայտնել են դեսպանությունից։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։