Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հաստատեց, որ Ավինյանը տուգանվել է վարչական իրավախախտման համար։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ավինյանի նկատմամբ Պարեկապահակային ծառայության կողմից կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ ուղևորներով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա վարելու համար։ Նա նման մեքենա վարելու վկայական չունի։ Գաբրիելյանը չհստակեցրեց տուգանքի չափը։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստայանը ասաց, որ տեղեկությունն անձնական տվյալներ է պարունակում, դրա պատճառով հրապարակման ենթակա չէ:
Ավինյանը հուլիսի 31-ին հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը վերջին գազելները կփոխարինի նոր ավտոբուսներով՝ դրանով իսկ փակելով «Հուսահատության գազելների» հարցը։ Օգոստոսի 11-ին նա ինքն է նստել «վերջին գազելի» ղեկին՝ ուղևորներով։