ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքները փակելու մասին որոշում չկա, լրագրողներին հայտնել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Դիտարկմանը՝ նախարարությունում քննարկվո՞ւմ է կարգավորումներ անել 2020-ին կնքված այն համաձայնագիրը, որով այդ հեռուստաալիքները հեռարձակվում են, նա պատասխանել է․ «Մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք համաձայնագրի բոլոր կետերին շատ լավ ծանոթ ենք։ Ըստ համաձայանգրի՝ խախտումների դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»։
Նախարարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի մասին է խոսքը։ Նա նաև չի մեկնաբանել իշխանական թիմից հնչած այն կարծիքը, թե ռուսական ԶԼՄ-ները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար։
Նախարարն, ամեն դեպքում, չի հերքել ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ քննարկումների փաստը։
«Բոլոր տարբերակներն էլ քննարկվում են, բայց ոչ մի որոշում չունենք։ Որքան պետք է, այնքան կտևեն քննարկումները»,- ասել է նա։
Հարցին, թե արդյո՞ք համապատասխան հանձնաժողով է ձևավորվել դա քննարկելու համար՝ նախարարն ասել է, որ հանդես կգա հայտարարությամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ պետք է Հայաստանում անջատել ռուսական հեռուստաալիքները, քանի որ վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:
Մանրամասները՝ տեսանյութում։