Արցախի «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ի կառավարիչը վերցրել է գրավադրված 12 պարկ ոսկին ու տեղափոխել Հայաստան, հայտնում է Shamshyan.com-ը։
Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է դիմել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերություն ՓԲ ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենյա Հայրիյանը, ով հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին իրենք տեղեկացել են, որ Արցախի քաղաքացիները տարհանվում են։
«Ինչից հետո «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲ ընկերության «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Լևոն Քոչարյանը մասնաճյուղի դրամապահոցից վերցրել է քաղաքացիների կողմից գրավադրված 12 պարկ ոսկին ու իր հետ տեղափոխել Հայաստան: Արդեն հոկտեմբերի 2-ին նա այդ ամենը հանձնել է ընկերությանը, սակայն տեղեկացրել է նաև, որ դրամապահոցում եղել է եվրո և ՀՀ դրամ, սակայն այն չի վերցրել, թողել է այնտեղ՝ մտածելով, որ գումարի տեղափոխումը հնարավոր է խնդիրներ առաջացնի»,- հայտնում է աղբյուրը:
Դեպքի փաստով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտե: Աղբյուրի տեղեկություններով՝ գումարը եղել է մոտ 600 եվրո և 1 մլն 500 հազար դրամ: