Երևանի Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի ծննդատանը երեխա է մահացել, գրում է Shamshyan.com-ը։
«Oրեր առաջ կնոջս բերել ենք այս բժշկական կենտրոն, որտեղ պետք է մեր առաջնեկը ունենայինք: 9 ամիս կնոջս հետազոտման նպատակով բերել ենք այստեղ, ոչ մի գանգատ, բողոք առողջությունից չի ունեցել: Մեզ ասել էին, որ առողջ տղա երեխա ենք ունենալու, անգամ քաշն էին ասել՝ 3 կգ 300 գրամ»,- ասել է երեխայի հայրը։
Նա պատմել է, որ հարազատներով արդեն գնումներ էին կատարել, երեխայի համար անհրաժեշտ պարագաներ էին գնել։
«Բայց ինչ իմանայինք, որ այս ծննդատան վայ-բժիշկ Էդիկ Բաղդասարյանի անփութության հետևանքով, մենք, որ տրամադրված էինք մեր առաջնեկի հետ գնալ տուն, իրականություն չէր դառնա: Մեր երեխային, կարելի է ասել, այս հիվանդանոցում սպանեցին: Թե՛ ես, թե՛ կինս մի քանի անգամ ասել ու խնդրել ենք, որ կեսարյան հատման միջոցով երեխան ծնվի, բժիշկ կոչեցյալ Բաղդասարյանը մեզ ասում է, որ այդպես չի լինի, Աստված ասում է` երեխան պետք է ցավերով ունենալ»,- երեխայի հոր խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:
Նշվում է, որ վերջիններս Վրաստանի հանրապետության Ծալկայի շրջանից են։