Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Նոյեմբերի 2-ի նիստի ժամանակ նման որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը։
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 54 անհետ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կազմում է 32.400.000 ՀՀ դրամ:
Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2023 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հոկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող։