Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի պաշտոնյաներին զգուշացրել է չզրուցել Դոգի հետ կամ պատասխանել նրա զանգերին, գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ ուշագրավ զրույց է ծավալվել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի պաշտոնյաների միջև: «Աստված չանի՝ իմանամ, որ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել ևս՝ նրան հարգալից «պարոն»-ով է դիմել ու կատարել հրամանները։ Ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է վարչությունը թափառող շներով զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները»,- ըստ լրատվամիջոցի զգուշացրել է Ավինայնը։
Շորթման մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը` Դոգը, վերջին շրջանում կենտրոնացել է քաղաքային խնդիրների վրա և հենց ուղիղ եթերում զանգում է քաղաքապետարանի պաշտոնյաներին ու նրանց հրահանգում-սպառնում, որ եթե մինչև իր նշած ժամկետն այս կամ այն բանն արած չլինեն, լավ չի լինի:
Ավինյանը շեշտել է, որ Երևանը մի քաղաքապետ ունի, և իրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 4-ը հաղթահարել էին կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):
Ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին ձայներով քաղաքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, որը դարձել է նիստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն։ Ավինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 5-ը։ Քվեարկությանը մասնակցել են միայն ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները։ «Մայր Հայաստան» դաշինքը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը բոյկոտել են նիստը: