Նոյեմբերի 14-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է քննարկումներ սկսել Հայաստանում զինապարտության տարիքի բարձրացման հարցով։
ՔՊ պատգամավորն առաջարկում է զինապարտության տարիքը՝ 27-ի փոխարեն բարձրացնել մինչև 40 տարեկան։
Սարգսյանի խոսքով՝ հարևան Ադրբեջանում, օրինակ, զինապարտության տարիքը 19-40 տարեկան է, Թուրքիայում՝ 20-41, Հունաստանում՝ 19-45, Սիրիայում՝ 18-42 և այլն։
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն պատագամավորի առաջարկի մասին, ինչպե՞ս են այն գնահատում և, ըստ նրանց, ի՞նչ ազդեցություն այն կունենա ՀՀ պաշտպանական համակարգի վրա։
Քաղաքացիների մեծամասնության համոզմամբ՝ տարիքն էական չէ, քանի որ պատերազմ սկսելու պարագայում բոլորը գնալու են և պաշտպանեն իրենց հայրենիքը։
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկի խոսքով՝ այն կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ պաշտպանական համակարգի վրա, քանի որ ավելի շատ մարդ կգնա ծառայության։
Մեկ այլ քաղաքացու համոզմամբ էլ՝ տարիքի մինչև 40 տարեկան բարձրացումը այնքան էլ խելամիտ չէ․ «Ինչքան մարդ մեծանում է, առողջականի և ֆիզիկականի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Ինձ թվում է՝ 30-33-ը նորմալ է»,- նշեց նա։
Հարցված քաղաքացիներից մեկը կողմ արտահայտվեց զինապարատության տարիքի բարձրացման նախագծին՝ նշելով, որ այն դրական կազդի, եթե հրաժարվեն պատգամավորի կողմից ներկայացված մեկ այլ նախագծից, համաձայն որի քաղաքացիները կարող են ազատվել ծառայությունից` վճարելով որոշակի գումար․ «Ողջունելի է, քանի որ այս պահին բանակում մարդաքանակի խնդիր ունենք, բայց եթե դա բարձրացնում են, ավելի լավ է 10-15 միլիոնով բանակից ազատվելու նախագիծը հանեն»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։