Իսրայելցի փաստաբան Դանիել Սայդեմանը հայտարարել է, որ փորձ է արվում «Կովերի այգի» Երուսաղեմի հայկական թաղամասի գրավման միջոցով Հին քաղաքի կիսով չափ ընդլայնել հրեական թաղամասի տարածքը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք տեղյակ ենք Հին քաղաքի արտաքին մասը բնակավայրերի նախագծերով շրջապատելու ծրագրի մասին: Մենք կասկածում ենք, որ Հայկական թաղամասի գործարքը նախատեսված է այս ծրագրի շարունակությունը քաղաքի ներսում ապահովելու համար»,- գործակալությանը ասել է Սայդեմանը:
Փաստաբանի խոսքով՝ գործարքի շուրջ բազմաթիվ խախտումները կարող են լավ հիմք հանդիսանալ դատարանի համար՝ այն բեկանելու համար։ Միևնույն ժամանակ Reuters-ը հիշեցրել է, որ թեև հայերն այս տարածքներում բնակվում են չորրորդ դարից ի վեր, «Իսրայելը ողջ քաղաքը համարում է իր հավերժ և անբաժան մայրաքաղաքը»։
Ավելի վաղ Սայդեմանը մեկնաբանել էր այգու հետ կապված միջադեպը և ոստիկանության գործողություններն անվանել «կառավարական նախագիծ»։ Ըստ Սայդեմանի՝ ՀԱԵ-ի Երուսաղեմի պատրիարքարանի անվտանգության ուժերը պահանջել են այդ հողերի սեփականության ապացույցը:
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել է, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել է: