Հայերն ու պաղեստինցիները դարձել են արևմտյան անտարբերության և իսրայելական միլիտարիզմի զոհերը, գրում է ամերիկյան Jacobin ամսագիրը և կոչ անում երկու ազգերին միավորել ուժերը՝ պայքարելու ընդհանուր թշնամու դեմ։
«Գազան և Լեռնային Ղարաբաղը կիսում են պատմությունը, որը նշանավորվել է կոտորածներով, տեղահանություններով և արևմտյան խոստումների չկատարմամբ: Նրանց միավորում է նաև իսրայելական զենքի ազդեցությունը, որը բռնություն և անկարգություններ է առաջացրել երկու տարածաշրջաններում»,- գրել է ամսագիրը։
Հոդվածի հեղինակ Աիդան Սիմարդոնը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ներմուծվող զենքի 70%-ը գալիս է Իսրայելից։ Նրա խոսքով, պատմական շատ զուգահեռներ կան նաև հայերի և պաղեստինցիների միջև. նախ՝ 20-րդ դարի կեսերին, ինչպես դարասկզբի հայերը, պաղեստինցիները վտարվեցին իրենց պատմական հայրենիքից, երկրորդ՝ Սառը պատերազմի տարիներին Հայաստանին ու Պաղեստինին աջակցում էր Խորհրդային Միությունը, սակայն նրա փլուզումից հետո Ռուսաստանը սկսեց հարաբերություններ հաստատել հայերի ու պաղեստինցիների թշնամի Ադրբեջանի ու Իսրայելի հետ։
Ի վերջո, Գազայի հատվածը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ենթարկվեցին դաժան շրջափակման, որին հաջորդեց ռազմական ագրեսիան։ Հեղինակը կարևորել է նաև պատմական հայրենիքում հայերի և պաղեստինցիների բնակության տարածքի կրճատման գործոնը։
«Մինչ ցեղասպանությունը մեծամասնությամբ հայ բնակչություն ունեցող տարածքները ձգվում էին Արևելյան Անատոլիայից (Արևմտյան Հայաստան) մինչև Ադրբեջան: Արևմտյան Հայաստանը էթնիկական զտումների է ենթարկվել Հայոց ցեղասպանության ժամանակ, հայերը Ադրբեջանում վտարվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, իսկ այժմ հայերին դուրս են մղում Արցախից»,- գրել է նա՝ հիշելով պաղեստինյան տարածքների կրճատումը․ ՄԱԿ-ի բաժանման ծրագիրը, 1949 թ. զինադադարի սահմանները և վերջապես Օսլոյի համաձայնագիրը:
Ըստ Յակոբինի՝ Իրանը մնում է միակ երկիրը, որը դանդաղեցնում է Հայաստանի և Գազայի լիակատար բռնակցումը, սակայն արևմտյան պատժամիջոցները թույլ չեն տալիս Թեհրանին ավելի վճռական դեր խաղալ հակամարտություններում։
Միևնույն ժամանակ, Սիմարդոնը կարծում է, որ պաղեստինամետ շարժումը կարող է նպաստել Հայաստանի՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարին, քանի որ իսրայելական միլիտարիզմին ուղղված ցանկացած մարտահրավեր օգուտ կբերի հայերին։
«Իհարկե, Հայաստանը կազատվի ոչ միայն ճնշված ժողովրդի հետ համերաշխությամբ։ Բայց հաշվի առնելով, որ Հայաստանը պաշտպանելու Արևմուտքի խոստումները դրժվելու են, ինչպես խախտվեցին պաղեստինցիների և Արցախի դեմ, հայերը կարող են ուժ գտնել պաղեստինցիների հետ իրենց ընդհանուր պայքարը ճանաչելու հարցում»,- եզրափակեց հեղինակը:
Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական Intelligence Online հրատարակությունը հայտնել էր, որ Իսրայելի աջակցությունը որոշիչ է եղել սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած օպերացիայի հաջողության հարցում։ Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանին վաճառել է 10 միլիարդ դոլարի զինտեխնիկա։
«Դրա դիմաց Իսրայելը գնել էր ադրբեջանական նավթ և օգտագործել երկրի տարածքը՝ որպես Իրանի մասին հետախուզական տեղեկություններ հավաքելու կենտրոն»,- գրում է հրատարակությունը՝ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն անվանելով «ռազմավարական պայմանագիր»։ Սեպտեմբերյան հարձակումից և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացումից հետո Ադրբեջանին զենքի մատակարարումը չի դադարել։ Նոյեմբերին Defense Industry Europe-ը հայտնել էր, որ Բաքուն մտադիր է Իսրայելից գնել նոր Barak MX հակաօդային պաշտպանության համակարգեր՝ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։