Նոյեմբերի 15-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվում են թմրանյութերի, հոգեմետ նյութերի, պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով, գրում է Shamshyan.com-ը։
«Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված անձինք գտնվում են Մյասնիկյան պողոտայի տներից մեկում և հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանում են նշված տուն, այնտեղ հայտնաբերում ՌԴ քաղաքացիներ 29-ամյա Միխայիլ Միլոշկինին և 29-ամյա Միխայիլ Գլադկիխինին: Հյուրասենյակի նկատելի հատվածում հայտնաբերվում են թմրամիջոցի նմանվող զանգվածներ և դրանց պատրաստման համար նախատեսված սարքավորումներ»,- գրում է լրատվամիջոցը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12.28 գրամ, 18.62 գրամ, 12.38 գրամ, 12.50 գրամ, 12.68 գրամ, 12.74 գրամ, 13.31 գրամ քաշերով թվով 7 հատ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, 2 հատ կանեփի թուփ, 1 հատ տարա՝ լցված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով, ընդհանուր 5.06 գրամ քաշով:
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մանրամասներ էր հայտնել Կոտայքում թմրանյութերի արտադրման լաբորատորիայի բացահայտման դեպքից՝ նշելով, որ վերոնշյալ գործով ՀՀ ՔԿ-ում կալանավորված է 5 անձ։