Հայաստանում բնակվող հրեաները հերքել են երկրում «հակասեմականության» աճի մասին լուրերը Երևանում «Մորդեխայ Նավի» սինագոգի հրկիզման հետ կապված, հայտնում է Eurasianet-ը։
Լրատվական կայքը նշել է, որ Հայաստանում հրեաների անվտանգ բնակության երաշխիքների բացակայության մասին պնդումները գալիս են Բաքվից։
«Սինագոգի վրա հարձակումն ուղղված էր ոչ թե հրեաների, այլ Հայաստանի՝ որպես հանդուրժող երկրի իմիջի դեմ»,- հայտարարել է Երևանի հրեական համայնքի անդամ Նաթանիել Տրուբկինը։
Նրա խոսքով՝ ո՛չ Իսրայելի ռազմական աջակցությունն Ադրբեջանին հայերի դեմ, ո՛չ էլ Պաղեստինի հետ պատերազմը չեն հանգեցրել Հայաստանում հակասեմականության աճի։
«Հայ համայնքը տարբերվում է իշխանության և ժողովրդի նկատմամբ իր վերաբերմունքով։ Եվ նույնիսկ եթե հայերը չեն սիրում Իսրայելին կամ Ռուսաստանին, մենք նույն կերպ չենք վերաբերվում մեր հանդեպ»,- բացատրել է նա։
Տրուբկինը հիշեցրել է, որ հայերին և հրեաներին միավորում է ընդհանուր վիշտը՝ քսաներորդ դարում էթնիկ զտումների ենթարկվելու փորձը։ Նա կարծում է, որ հրեական ծագումով փաստաբան Ռաֆայել Լեմկինը, որը դարձել է «ցեղասպանություն» եզրույթի և Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նախագծի հեղինակը, կարող է միավորող գործիչ լինել երկու ժողովուրդների համար։
Eurasianet-ը հավելել է, որ Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն-Մեյր Բուրշտեյնը նույնպես սինագոգի վրա հարձակումն անվանել է սադրանք և ոչ թե հակասեմականության դրսևորում։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր նոյեմբերի 15-ին Երևանում սինագոգի հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։ Գերատեսչության տվյալներով՝ հրկիզումը կատարել էր Հայաստանում չբնակվող և երկրի քաղաքացի չհանդիսացող անձը, որը հրկիզումից հետո անմիջապես լքել էր Հայաստանի տարածքը։ Նոյեմբերի 18-ին Երևանում սինագոգի հրկիզման դեպքն անընդունելի էր որակել նաև ՀՀ ԱԳՆ-ն։