Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հնարավոր է համարել բարձրացնել քաղաքում անվճար կայանելու ժամանակը՝ սակագները բարձրացնելուց հետո։ Այսպես նա մեկնաբանեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեհյանի հարցը, թե ինչ պետք է անեն Երևանի կենտրոնի բնակիչները, եթե ընդունվի քաղաքի կենտրոնական փողոցներում ավտոկայանատեղիների թանկացման նախագիծը:
Գրիգորյանը հիշեցրեց, որ անվճար կայանատեղիներն այժմ ընդգրկում են ժամը 24:00-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածը։ Երևանի կենտրոնական փողոցների բնակիչները, ըստ նրա, որպես կանոն, մեքենաները կայանում են իրենց բակերում։
«Այս հարցն այսօր ակտիվորեն քննարկվում է։ Երևի կքննարկենք անվճար կայանման ժամերի վերանայման հարցը։ Բայց այս նախագծի հիմնական նպատակը Երևանի կենտրոնական փողոցները թեթևացնելն է»,- պարզաբանեց Գրիգորյանը։
Նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նախագիծ, ըստ որի կենտրոնում կայանելու արժեքը եռակի բարձրանալու է։
Այսօր կայանելու տարեկան արժեքը ողջ Երևանի տարածքում 12 հազար դրամ է։ Նոր նախագծով Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների տարեկան արժեքը կավելանա մինչև 160 հազար դրամ, քաղաքի մյուս հատվածներում՝ 24 հազար դրամ։