2024թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման (կլոր կնիք և ամսաթիվ) առկայությունից, հիշեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչությունից հայտնում են, որ համաձայն ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 22-ի որոշման՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։
Նշված փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։