Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, շմոլ գազի թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 08:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Կարապետյան փողոցի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների: Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Կարապետյան փողոցի սեփական տներից մեկի բնակիչներ 33-ամյա Հայկ Ավագյանը, 55-ամյա Ջուլիետա Հակոբջանյանը, 33-ամյա Ինգա Ստեփանյանը, 31-ամյա Ռիմա Մարտիրոսյանը և 24-ամյա Նազենի Ավագյանը:
Նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 11-ամյա Դավիթ Ա.-ին, 6-ամյա Արիաննա Ա.-ին, 4-ամյա Լեո Ա.-ին և 7-ամյա Ջուլի Ա.-ին:
Նշված հասցե են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները և պարզվել է, որ պատճառը եղել է ապօրինի միացված գազասարքը․ այն տեղադրված է եղել կիսանկուղային հարկում, որի արտանետած ծխագազի հետևանքով տան անդամները թունավորվել են:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ թունավորվածներն ընտանիքի անդամներ են, ովքեր ավելի շատ հայտնի են ճանապարհային ոստիկանության նախկին պաշտոնյաներից Դավիթ Ավագյանի՝ ժողովրդին հայտնի «Մստոյի» ընտանիքի անդամներ, իսկ Հ. Ավագյանն էլ աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ՀԷՑ-երից մեկում՝ որպես տեղամասի պետ: