Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ աշխատանքից կազատվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենը, գրում է «Փաստ»-ը։
«Այս օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի խմբերից մեկում դաստիարակի հետ կապված, մեղմ ասած, տհաճ միջադեպը, մասնավորաբար նրա խայտառակ պահվածքը երեխաների նկատմամբ»,- գրում է թերթը և հայտնում, որ գործն ստացել է համապատասխան ընթացք։
Նշվում է նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին զգուշացրել են, որ քաղաքապետարանն անհանդուրժող է լինելու ցանկացած խախտման, անվայել պահվածքի, երեխաների նկատմամբ բռնության որևէ դեպքի նկատմամբ:
Ավելի վաղ «Առավոտ»-ը ներկայացրել էր ձայնագրություն, որտեղ երեխաները ենթարկվում էին բռնության։ Ի դեպ՝ 2020-ին կասեցվել էր մանկապարտեզի գործունեությունը՝ խախտումների պատճառով։ Համացանցում 2019-ին ևս տարածվել էր բռնության դեպք՝ տվյալ մանկապարտեզում։