Տաքսու վարորդն ուղևորի հաշվեհամարից 9 մլն դրամ իրեն է փոխանցել, հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ տաքսի ծառայություն իրականացնող «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանից իրեն տեղափոխել է բնակության վայր՝ Էջմիածին քաղաք:
Օգտվելով ուղևորի ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և կցված բանկային հաշվեհամարից ելքագրել ու իր ազգականի բանկային հաշվեհամարին է փոխանցել 9 միլիոն 774 հազար դրամ, ինչից հետո արդեն հափշտակած գումարը փոխանցել է իր հաշվեհամարին:
33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: