2023թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է` ամսվա վերջին կազմելով է 0.5 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճն էլ հոկտեմբերի վերջին եղել է զրո, դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով անցնող տարվա ցուցանիշները։
Թվային առումով գուցե պատկերը դրական է, սակայն քաղաքացիները նույնիսկ վերջին ամիսներին կանգ առած գնաճի պայմաններում շարունակում են ֆինանսական դժվարություններ ունենալ:
Armenia Today-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում` պարզելու` վաստակո՞ւմ են այնքան, որ կարողանան հոգալ անհրաժեշտ կարիքները, աշխատավարձը բավարարո՞ւմ է ամսական ծախսերին և ավելի շատ ծախսո՞ւմ են, թե՞ վաստակում: Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը նշում է, որ դժվարությամբ են կարողանում գումար վաստակել, իսկ ունեցած միջոցները, հիմնականում, չեն բավարարում ամենօրյա կարիքները հոգալուն:
«Թոշակառու եմ, հիսուն հազար դրամ եմ ստանում, որտեղի՞ց բավարարի»,- նշեց քաղաքացիներից մեկը` ընդգծելով, որ ավելի շատ ծախսում է, քան ստանում. երեխաներն են օգնում:
Մեկ այլ թոշակառու էլ ընդգծեց, որ իրեն նույնպես չի բավարարում ստացածը, երեսունհինգ հազար է ստանում, որն ամենօրյա ծախսերին չի բավարարում. «Ես նույնիսկ Ֆեյսբուքում եմ գրել, այդ հարցը տվել եմ պարգևավճարներ ստացողներին, գիտեք, թե ում են վճարում, իսկ թոշակառուների մասին մոռացել են: Կարող է մարդ կա, որին այդքանը բավականացնում է, ինձ` ոչ: Մեր ղեկավարներից մեկը թող այդքանով ապրի, նոր իր կաշվի վրա զգա»:
Քաղաքացիներից մեկն էլ աշխատավարձով է ապրում, բայց, միևնույնն է, չի բավարարում. «Ութսուն հազար եմ ստանում, այնպես չէ, որ կարիքներս կարող եմ հոգալ։ Հազիվ հասցնում ենք, ձգում ենք, միշտ էլ փող աշխատելը դժվար է, ծախսելը` հեշտ»:
Մի կին էլ, որ երկու տարի առաջ է Լիբանանից Հայաստան եկել, նշում է, որ վերջին մեկ տարում գնաճը մի քիչ շատ էր, բայց ճիգ են գործադրում, որպեսզի կարողանան ապրել:
Կան նաև քաղաքացիներ, ովքեր գոհ են իրենց վաստակածից և նշում են, որ կարողանում են ստացած աշխատավարձով ապրել:
Հարցված քաղաքացիներից մեկը, ով գիտության ոլորտից է, ի տարբերություն շատերի, գոհ է իր ապրուստից, ասում է` կառավարությունն իրենց գումարներն ավելացրել է, կարողանում են նորմալ վաստակել. «Գիտության ոլորտում գումարը կառավարությունը բարձրացնում է, մենք էլ օգտվում ենք, մեր մասով իրավիճակը շատ ավելի լավ է: Հիմա ավելի շատ վաստակում ենք, քան ծախսում, այդքանը չենք հասցնում ծախսել»:
Մանրամասները` տեսանյութում:
Հարցումը` Էմմա Հովսեփյանի