Հայաստանի ընդդիմության կողմից ստեղծված Ազգային կոմիտեն որոշել է հրաժարվել երկրում իշխանափոխության համար պայքարից, գրում է «Հրապարակ»-ը՝ նշելով, որ շուրջ 2 ամիս է՝ 5 անդամից ձևավորված կոմիտեից ո՛չ ձայն կա, ո՛չ պայքարի ծրագիր։
Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով Ազգային կոմիտեի ղեկավարն էր, հայտնել է, որ կոմիտեն որոշակի ակտիվություն ցուցաբերում է, սակայն դրանք, ըստ էության, պայքարին այլևս ուղղված չեն։
«Հանդիպումներ տեղի են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, բայց որևէ որոշակի գործունեություն կոմիտեն չի իրականացնում: Ես հանդիպում եմ տարբեր կազմակերպությունների հետ, բայց եկեք այսքանով սահմանափակվենք, երիտասարդական շատ հետաքրքիր կազմակերպություններ կան, հանդիպում ենք, օրինակ, նրանց հետ»,- «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասել է Վազգեն Մանուկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային կոմիտեի անդամները քննարկել են ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի հարցը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։
Հիշեցնենք, որ Ազգային կոմիտեի կազմում ընդգրկված էին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, «Մայր Հայաստան» դաշինքի նախագահ Անդրանիկ Թևանյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Վազգեն Մանուկյանը։