Երևանում դեկտեմբերի 14-ին, 15-ին և 17-ին Արցախի օպերատիվ շտաբի դահլիճում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 300 երեխաների համար Նոր տարվա տոնահանդես էր կազմակերպվել, որի ժամանակ փոքրիկներն ստացել են իրենց ամանորյա նվերները։ Բացի նվերներից, երեք օր շարունակ միջոցառումներ են տեղի ունեցել Ձմեռ պապիկի, էլֆերի ու այլ հերոսների մասնակցությամբ։
Կազմակերպիչները` Կանադայից Արտեմ Թութունջյանն ու «Դեպի Հայք» հիմնադրամը, փորձել են ամեն ինչ անել դժվար օրերից հետո արցախցի երեխաներին տոն պարգևելու համար։
Արտեմ Թութունջյանն առաջին անգամը չէ, որ նման նախաձեռնություն է իրականացնում, նախկինում կազմակերպում էր ընտանիքի և բարեկամների հետ համատեղ ուժերով, որ երեխաներն իրենց նվերները հենց Արցախում ստանան, հիմա, քանի որ տեղահանվել են, նվերներն ստանում են Երևանում։
«Երեխաների համար շատ դժվար տարի էր, մեր հույսն է, որ տարին լավագույն ձևով ավարտվի իրենց համար։ Հույս ունեմ, որ սա երեխաների համար կարևոր կլինի, երբ իրենք կարող են տեսնել Ձմեռ պապիկին, հերոսներին ու լավ հիշողություններ ունենալ։ Հույս ունեմ, որ Հայաստանում իրենք իրենց կզգան ինչպես իրենց տանը»,- ասում է Արտեմ Թութունջյանը։
Չնայած կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ երեխաները հրաշալի ժամանակ անցկացնեն ու նվերներ ունենան, փոքրիկների երազանքներն այլ են. նրանք ոչ թե նոր խաղալիքների ու հագուստների մասին են երազում, այլ խաղաղության ու Արցախ վերադառնալու։
«Այս տարի երազում եմ, որ Արցախը հետ բերենք, ու ես իմ նպատակին հասնեմ՝ դառնամ աշխարհի չեմպիոն»,- նշում է փոքրիկներից մեկը։
Փոքրիկ Ելենան էլ նշում է․ «Այնտեղի ամեն ինչը կարոտում եմ, ուզում եմ վերադառնալ, կարոտում եմ մեր տունը, ամեն ինչը։ Երազում եմ Արցախում, իմ հայրենիքում լինել, այնքան եմ կարոտել, որ միակ երազանքս դա է, ուրիշ ոչ մի բան»։
Միջացառմանը ներկա էր Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը, ով լսելով փոքրիկների երազանքների մասին` նշում է. «Պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք իրականացնել այն, ինչ նրանց պետք է»,- ընդգծում է Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը։
Միջոցառմանը հիմնականում մասնակցում են Հադրութի մանկապատանեկան և ստեղծագործական կենտրոնի երեխաները։ Տնօրեն Իրա Թամրազյանն է փորձել ամենաշատը կարիք ունեցողներին հավաքել մի հարկի տակ, որ երեխաները լավ ժամանցի հնարավորություն ունենան։
«Մենք էլ ենք և՛ հուզված, և՛ ուրախ, որ այս դժվարությունից հետո կարողանում ենք խնդիրները լուծել ու գոնե մի երկու ժամ մեր երեխաներին ուրախացնել»,- նշում է Իրա Թամրազյանը։
Կազմակերպիչները նշում են՝ ծրագիրը շարունակական է լինելու. Արցախում, թե Հայաստանում, փոքրիկներն ամեն տարի ունենալու են իրենց նվերները։
Մանրամասն՝ տեսանյութում։
Էմմա Հովսեփյան