Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով, հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։
«Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով, և հանրության համար կվերաբացվի 2024 թվականի գարնանը»,- հաղորդում է հիմնադրամի կայքը։
Նոյեմբերի 7-22-ը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում էր ընդունվել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում ընդգրկելու վերաբերյալ։
Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները Հայաստանում տեղի են ունենալու 2024 թվականին: