Հեռավար աշխատողների համար ամենագրավիչ քաղաքը Բարսելոնան է։ Բեռլինում գործող WorkMotion-ը վերլուծել է աշխարհի 85 քաղաքների տվյալները՝ պարզելու, թե որքան գրավիչ են դրանք հեռավար աշխատողների համար: Զեկույցի համաձայն՝ ցուցակում ընդգրկված քաղաքներից 100 միավոր ստացել է Բարսելոնան, մինչդեռ մյուս ինը երկրներն ունեցել են 90,3-ից 99,9 միավորներ: Հեռավար աշխատողների լավագույն 10 քաղաքները հետևյալն են՝ Բարսելոնա (Իսպանիա), Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ), Պրահա (Չեխիա), Մադրիդ (Իսպանիա), Մելբուրն (Ավստրալիա), Ամստերդամ (Նիդեռլանդներ), Լիսաբոն (Պորտուգալիա), Սիդնեյ (Ավստրալիա), Գրան Կանարիա (Իսպանիա), Ռեյկյավիկ (Իսլանդիա)։
Զեկույցը ենթադրում է մինչև 12 ամիս կարճաժամկետ բնակություն երկրում՝ հեռավար աշխատանքի ընթացքում։ Քաղաքները գնահատվել են հետևյալ չափանիշներով՝ պահանջվող վիզայի տեսակը, հեռավար աշխատանքի ենթակառուցվածք, այցելուների փորձը, անվտանգություն, առողջապահության հասանելիություն, մուտք դեպի բնակարան, շարժունակություն, երջանկության ինդեքս, եկամտահարկի դրույքաչափը, սննդի և բնակարանի առկայություն։
«Հեռավար աշխատանքի համար հնարավոր վայրերը բացահայտելիս աշխատակիցները պետք է հաշվի առնեն մի շարք գործոններ՝ սկսած գործնականից մինչև նպատակային: Քիչ քաղաքներ կարող են առաջարկել դրանք բոլորը, բայց անհերքելի է, որ քաղաքները, որոնք օրենքներ են ընդունում հեռավար աշխատողներին ներգրավելու համար, շատ ավելի գրավիչ են դառնում, քան նրանք, որոնք չեն անում», – ասում է WorkMotion-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Կարսթեն Լեբտիգը:
Նա նաև պարզաբանել է, որ հետազոտության մեջ միայն մի քանի քաղաքներ են առաջարկել հեռավար աշխատողներին «թվային քոչվոր» վիզա, որը թույլ կտա նրանց շարունակել աշխատել երկրում:
«Քաղաքներում հեռակա աշխատողներից շատերին գրավում է տարբեր ապրելակերպը և կլիման: Բարսելոնայի, Դուբայի և Պրահայի ղեկավարները կարող են հպարտությամբ ասել, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել, և նրանց քաղաքները լավագույն վայրերն են հանգստի, ապրելու, խաղալու և աշխատելու համար»,- ասել է Լեբտիգը։