«Սինեմարտ» ՍՊ ընկերությունը կոչ է արել հեռու պահել երեխաներին Գլխավոր տոնածառի մոտակայքում էլեկտրահաղորդակցության լարերին:
«Քանի որ այսօր երեկոյան վառվելու են Գլխավոր տոնածառի լույսերն ու գործարկվելու է մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, խնդրում ենք, հորդորում և պահանջում ենք թույլ չտալ երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին»,- գրել է ընկերության հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Լևոն Սարդարյանը:
Նա հորդորել է նաև արգելել երեխաներին նստել ամանորյա դեկորների վրա:
«Արգելեք երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները, քանի որ դրանք աշխատում են 220V լարման պայմաններում, ինչը նշանակում է, որ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին վառվելու են Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը: Երևանի քաղաքապետարանը «Սինեմարտ» ընկերության հետ 202 մլն դրամի պայմանագիր էր կնքել՝ ամանորյա լուսավորության համար։