Քիչ առաջ Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացել է Երևանի «Արարատի» լեգենդար հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ սիրտ-թոքային անբավարածության ախտորոշմամբ և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանը ծնվել է 1947 թվականի հունվարի 11-ին։ 1965 թվականին հրավիրվել է Երևանի «Արարատ», որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մինչև 1976 թվականը։
Նիկոլայ Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին՝ արծաթե մեդալակիր։ «Արարատ» ակումբի կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։