ՔԿ-ն հաղորդել է Սևանա լճի վրա պարեկներին ծեծելու համար 26 անձի ձերբակալության մասին։ Նրանք հարձակվել են դեկտեմբերի 19-ին Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում ծառայություն իրականացնող պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
«Նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Ըստ Քննչական կոմիտեի՝ նավակներով մոտեցած մարդկանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հավելում է կոմիտեն և նշում, որ նախաքննությունը շարունակվում է։