Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով կասեցրել է «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի գործունեությունը՝ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումների ընթացքում հնչած արտահայտությունների պատճառով, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
««Տոսպա» ռադիոընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին՝ տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են»,- հայտնում են հանձնաժողովից։
Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը որոշել է կիրառել վարչական տույժ՝ կասեցնելով ռադիոընկերություն լիցենզիայի գործողությունը 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: