«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
«Երկու երկրների միջև համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում ՀՀ առաջին առեւտրական գործընկերն է:
Նշվել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը ծառայում է նաեւ որպես տարանցիկ ուղի Հայաստանի քաղաքացիների համար Մերձավոր և Միջին Արեւելքի, Ասիայի ու Աֆրիկայի տարբեր ուղղություններով ճամփորդելու համար:
Զեկուցողի տեղեկացմամբ ներկայացված արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների` 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել համապատասխան երկրների տարածքներով` առանց մուտքի արտոնագրի եւ վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրների` վավերական, դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Նշված անձնագրեր ունեցող կողմերի քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել և ընդունվել է դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ օրենքն ուժի մեջ կմտնի երկրների միջև ներպետական ընթացակարգերի իրականացումից հետո՝ 30 օր ժամկետում՝ նշելով, որ հստակ ժամկետների մասին ԱԳՆ-ն հանդես կգա պաշտանական հաղորդագրությամբ։