Սեպտեմբերին Սոթքում հակառակորդի կրակոցից վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը, որը հրաշքով գիտակցության էր եկել, բուժում է ստանում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ «Զինուժը» ռեպորտաժ է պատրաստել Նարեկի մասին, որտեղ նա պատմել է իր ապրումների, ընկերներին ամեն գնով օգնության հասնելու մասին։
Նարեկն այն զինվորն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել։ Նարեկի սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր։ Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում՝ բուժման ակտիվ փուլն ավարտվել էր հոկտեմբերին։
Ամիսներ շարունակ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Նարեկը պատմել է, որ ամեն ինչ հանկարծակի է տեղի ունեցել։ Նախքան վնասվածք ստանալը առաջնագծում է եղել։ Հետո առաջնագծից վիրավորներին տարհանելու հրաման է ստացել։
«Երբ արդեն հասնում էինք առաջնագիծ, այդ ժամանակ էլ կրակել են։ Թիրախավորված կրակել են ինձ վրա»,- պատմել է Նարեկը, որն անկախ ամեն ինչից՝ շտապել է օգնել ընկերներին ու հայտնվել հակառակորդի նշանառության տակ։
«Իմ տեղն ով էլ լիներ, հաստատ կաներ դա, որովհետև բոլորս էլ մեր պարտքը տալու համար ենք այնտեղ։ Տարբերություն չկա՝ տղաներից ով կվիրավորվի։ Ով էլ լիներ՝ մեկնելու էր օգնության»,- ասում է Նարեկը։
Նարեկը գլխուխեղի ծայրագույն վնասվածքից հետո տարբեր փուլեր է անցել, այսօր բժիշկները նրա մոտ օրեցօր դրական առաջընթաց են արձանագրում։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ էր սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել էր երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի՝ Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։